ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ասք խոսափողի, հարթակի ու Շիլդայի մասին

Ասք խոսափողի, հարթակի ու Շիլդայի մասին
29.12.2023 | 13:49

Կար մի փոքրիկ լեռնային երկիր՝ Շիլդա անվամբ, որի բնակիչները՝ շիլդացիները. հայտնի էին իրենց իմաստությամբ և հետին խելքով: Սակայն նրանց նախանձ ու չար հարևաններն աչք էին դրել այդ ծաղկուն երկրի վրա: Ահա մի անգամ մեծ հրապարակում հավաքվում են բոլոր մտահոգ շիլդացիներն ու հանրահավաք անում՝ հայրենիքը փրկելու համար:
Մի օտար ու խալավոր իմաստուն որոշում է կատակել և հարթակի խոսափողից հայտարարում է, որ թշնամիներին ապակողմնորոշելու և ժամանակ շահելու լավագույն միջոցը ժամանակավոր հիմար ձևանալն է: ՈՒստի պետք է բացախոսությամբ և մեծ արագացմամբ բոլորը վերակառուցվեն ու առանց երկար-բարակ մտածելու ապուշություններ ասեն ու անեն:
Ամբոխը բռունցքները վեր պարզած միահամուռ ընդունում է այս առաջարկը և շեփոր փչում, իսկ միտինգ վարողը գոչում է.
- Կոսմետոլոգնե՜ր, հարթակի ուղղությամբ:
Մեկ առ մեկ հարթակի խոսափողին են մղվում Շիլդայի հայտնի ու անհայտ իմաստունները, իրենց ծրագրերն են ներկայացնում և տեղում էլ փորձում իրականացնել: Խոսափողին է մոտենում ժողովրդական սանրվածքով մի ճանաչված իմաստուն.
- Իզուր եք անհանգստացել ու իրար խառնվել, ամեն ինչ իմ գրպանում դրած ունեմ, դժվարը այնտեղից հանելն է:
- Գրպանահատնե՜ր, հարթակի վրա:
Ամբոխը ճեղքվելով թույլ է տալիս, որ հարթակ բարձրանա հոգևոր Ա իմաստունը.
- Խաղաղվե՛ք, դարձե՛ք ձեր տները, ապա թե ոչ, ես կանիծեմ ինձ, մեզ, ձեզ, ձեր հարթակը…
- Հոգևորականնե՜ր, հարթակից հեռո՛ւ:
Ամբոխը սուլում է: Խոսափողը գրավում է մի ոչ լեգիտիմ իմաստուն.
- Հայրենակիցնե՜ր, նախ շնորհակալ եմ իմ թիմին՝ այս պարտավորեցնող խոսափողն ինձ տրամադրելու համար: Ապա ասեմ, որ դուք լավ չեք ապրի, քանի դեռ յուրաքանչյուրդ ձեր վերմակի չափով և ըմբռնումով չեք պայքարի, որպեսզի շինիչ գործընթացներով մեր շատ սովորական ազգին փուլ առ փուլ հասցնենք իր վերջին:
- Անեսթեզոլոգնե՜ր, հարթակի վրա:
Ժողովուրդն իր ուսերի վրա դրած՝ խոսափողին է մոտեցնում մի խելոք, բայց անվճռական իմաստունի.
- Սու՛տ է ասում, դրան մի՛ հավատացեք, մենք համաշխարհային ազգ ենք, և եթե մեր գնացքը հանկարծ նա վարի, ապա ձեր հույսը դրեք ինձ վրա: Երբ ճիշտ ժամանակին թռչեմ գնացքից ու չվերադառնամ, բոլորդ էլ թռչեք իմ հետևից՝ դեպի շողշողուն ապագա:
- Տրավմատոլոգնե՜ր, հարթակի վրա:
Խոսք է վերցնում իր բախտից զարմացած մի իմաստուն.
- Եթե մեր հիմնարկները տանք օտարներին, իսկ մենք զբաղվենք միայն անասնաբուծությամբ, ապա ողջ աշխարհից կգան մեր ցեղական արու կովերին նայելու և երկիրը կդառնա զարգացած տուրիստական երկիր:
- Անասնաբույժնե՜ր հարթակի վրա:
Խոսափողին է մոտենում մի կոմուֆլյաժավոր ու խրոխտ իմաստուն.
- Ի՞նչ եք անիմաստ դուրս տալիս: Երկիրը երկրապահով է երկիր և կարևորն իմ առաջին իսկ ծափով բոլորդ վազ տաք բանակ: Եթե անգամ 100 տոկոսով էլ ձեր համար հոգևոր կամ աշխարհիկ իմաստուն ընտրեք, միևնույն է, ես եմ որոշելու թե ով լինի, ուրեմն ուշադիր եղեք, որ ձեր գլուխների մեջ ոջիլ չմտնի:
- Սանիտարնե՜ր, աջ ուսն առաջ, հարթակի ուղղությամբ…
Մանրիկ քայլերով խոսափոին է մոտենում մի կոմսոմոլ իմաստուն.
- Իմ կոմերիտ հոգին ինձ հուշում է, որ մեզ բանակ պետք չէ: Մեր զորությունը մեր անզորության մեջ է և մենք միշտ պետք է Իվանի պոչից բռնենք:
- Ջոկատավարնե՜ր, հարթակի վրա:
Ընդհատակից խոսափողին է մոտենում ամեն ինչից «նադայել» եղած մի իմաստուն.
- Արա՜, ի՞նչ եք իրար գլխի հավաքվել, ամբախ-զամբախ ու շաշ-մաշ խոսում, չգիտեք, որ էնենց փողեր են դրել, որ բանը… մեզ բոլորիս կզացնեն, մտցնեն էն բանի՝ ուռնայի մեջ: Տո՜, աշխարհի մերն էլ, Քլինթոնի մերն էլ, ձերն էլ, մերն էլ, ձեր մերն էլ: Մեր դեմ խաղ չկա՛:
- Բժի՜շկ, բժի՜շկ, եկ մեր տուն…
Բարձրացած աղմուկի մեջ լսվում է մի մշտական դիսիդենտ իմաստունի ձայնը.
- Թող՜եք, թողե՜ք, թողե՜ք, թողե՛ ք ես երգեմ:
Դե, եկեք, եղբայրներ, մենք ԻՄիանանք…
- Դամ պահողնե՜ր, հարթակի վրա:
Երգ ու պարի, էյֆորիայի ֆոնի վրա հարթակը զավթում են մի քանի տեռորիստ իմաստուններ.
- Սո՛ւս մնացեք, մերն է հերթը… պառկե՛ք ձեր մերը…
Կրակահերթեր…
- Բժիշկնե՜ր, հարթակի վրա:
Կրակահերթերի ուղեկցությամբ խոսափողի մոտ են բերում խաչով քողարկված մի հոգևոր Բ իմաստունի.
- Մեր փրկությունը սուտ հավատալու և ՏԻՐՈՋԸ խաբելու մեջ է, իսկ ով այնպես հավատա, որ ՏԷՐԸ հավատա, թե նա ԻՐԵՆ հավատում է, ես նրան կարգալույծ կանեմ:
- Մարդապաշտնե՜ր, հարթակի վրա:
Խառնաշփոթի մեջ խոսափողը բռնազավթում է մանկուց իմաստության ձգտող մի իմաստուն.
- Իմ կուսակցությունը՝ իմ ժողովուրդն է, իսկ իմ ժողովուրդին տղամարդիկ իսկի էլ պետք չեն, ես կամ՝ բոլա, մնացած լյոխը մոսկաներ են ու մանկությունից ինձ հուզող հարցը պարզելու համար, այդ լյոխին պետք է անց կացնել ծիածանի տակով՝ տեսնենք ինչ կդառնան: Ի վերջ, իմ սարքած հարեմի մեջ ես կմնամ միակ դիտորդն ու վոյինը ու լյոխ լյավ կինի:
- Սեքսոպաթոլոգնե՜ր, հարթակի վրա:
Ամբոխի ճնշումով խոսափողին է հրվում կոմուֆլյաժով իմաստունի եղբայրը՝ մի ուչենիկ իմաստունիկ.
- Ինձ, որ մի քանի ամիս ժամանակ տաք, ես էքստեռն կավարտեմ իմաստության կուրսերն ու եղբորս փոխարեն ձեզ կկառավարեմ:
- Մանկավարժնե՜ր, հարթակի ուղղությամբ:
Անձրև է սկսվում ու թացության միջով պլստալով խոսափողին է մոտենում բազում աթոռների նստած-ելած և միաժամանակ մի քանի պաշտոններ զբաղեցրած, չթրջվող, ջրից միշտ չոր դուրս եկող մի շախմատիստ իմաստուն.
- Իյա՜ իրո՛ք, ինձ թվում է, որ ես մի տաը քայլ առաջ մտածելով գտել եմ լուծումը, եթե մենք ստեղծենք շիլդիկում պրեպարատը ու ազգովի արխային ինքնավարակվենք ՍՊԻԴ-ով, ապա մեր թշնամիները այլևս կվախենան մեզ հետ առընչվել, հեռու կփախչեն մեզանից և մենք այդ բակտերիոլոգիական գամբիտի միջոցով հետ կնվաճենք մեր կորցրած հայրենիքն ու, երբ բոլորդ ձեր փողերը 50-50-ով ինձ տաք, կազինոներում ներդրում կանեմ ու տոկոսները ձեզ կտամ, իսկ, եթե այսպես չանեք, մեր խիյարները թարս կաճեն ու աշխարհը կզարմանա:
- Վեներոլոգնե՜ր, հարթակի վրա:
Հարթակի վրա քաշքշուկ է առաջանում և չգիտես որտեղից խոսափողի դեմ կանգնում է մի հորինված իմաստուն.
- Մի բան ասեմ, ամեն հորինած երկիր ունենում է այն հորինած առաջնորդները, որոնք հետո նրան ունենում են:
- Հօրինապահ մարմիննե՜ր, հարթակի վրա:
Խոսափողի մոտ են հրավիրում մի ճանաչված գրող կին իմաստունի.
- Սիրելի ժողովուրդ, խելքի եկե՛ք, ձեր առջև եմ նետում այս չտեսների ձեռքերին դիպած իմ շքանշանները, թո՛ղ զխկտվեն:
- Չտեսնե՜ր, հարթակից հեռո՛ւ:
Ամբոխը լուռ է ու շփոթված, իսկ խոսափողին ամաչելով մոտենում է շուրթերի վրա՝ կերած սև իկրայի դեռևս մնացած հետքերով մի հրաշամանուկ իմաստուն.
- Եթե թույլ կտաք, ես էլ կկարծեմ, որ երբ ամեն օր ցերեկները բոլորովս զբաղվենք արհեստավաժությամբ ու գիշերներն էլ Սորոսի գրանտներից սնվելով՝ արհեստախաբ չլինենք, ապա արևմուտքը մեզ կօգնի:
- Մանկաբույժնե՜ր, հարթակի վրա:
Խոսափողի մոտ են հրում տիրոջն ուրացած մի իմաստունի: Փնթփնթում է քթի տակ, խոսում անկապ ու անհասկանալի.
- Որ լավ քուջուջ անենք ու մեր հարսերի օժիտները ճիշտ օգտագործենք, կապրենք… ըըը՜:
- Լոգոպեդնե՜ր, հարթակի վրա:
Հրապարակում տեղակայված 4-րդ խոսափողին է մոտենում այդ խոսափողի իմաստունը.
- Հարգելի ռադիոլսողներ, ա՜յ ժողովուրդ, սրանց մի՛ լսեք, սրանք երկիրը լափեցին, երկրի ուղեղն է հիվանդ, սիստեմը սիստեմ չի՜…
Հարթակի վրայից մի ժամանակավոր իմաստուն գոչում է.
- Ոստիկաննե՜ր, չորրորդ խոսափողի մոտ:
Հարթակի վրա հայտնվում է էլաստիկ կոստյումով, ժպտերես մի պնդոտ իմաստունաց իմաստուն.
- Լսե՛ք, համապատասխան ժողովուրդ ջան , քանի ես համապատասխան ձեր հետ եմ, դուք համապատասխան պրոբլեմ չեք ունենա, համապատասխան…
- Թիկնապահնե՜ր, հարթակի վրա:
Խոսափողի մոտ տաբուրետկայի վրայից խոսում է մի ջոկող իմաստուն.
- Հանրապետական ընկերնե՜ր ջան, էս հո՛ մկների ժողով չի, սրա գլխին մի լավ չբամփե՞նք, որ ուրիշների համար դաս լինի:
- Բամփող սափրագլուխնե՜ր, հարթակի շուրջը:
Ճարահատ ամբոխը դես ու դեն ընկնելով, ի վերջո, խոսափողի մոտ է գցում մի սփյուռքաշլդ իմաստունի.
- Բարև՛ արև՛: Արև՜, արև՜, ե՛կ, ե՛կ, զիզի քարին վե՜ր ե՛կ:
- Մանկաբույժնե՜ր, հարթակի մոտ:
Վերջապես, բոլոր նախորդ իմաստունները խելք խելքի տալով, խոսափողի մոտ ամբոխի ուսերի վրայով բերում են նախկինում հրաժարական տված իմաստուն քեռու ծոցից դուրս եկած, քեռու կրծքով սնած, մեծացրած մի ճղճղան իմաստունի:
- Մեր փրկությունը մեր վեր պարզած ու անզեն ձեռքերի մեջ է, եթե մեր թշնամին մեզանից մեր շապիկն է պահանջում, մենք պետք է մեր շալվարներն էլ իջացնենք՝ մնալով դուխով ու հպարտ և սույնով կլիցքաթափենք նրան: Հավատացեք ինձ և դուք կունենաք ապագա, և քանի դեռ նախկինները կլինեն այս հարթակում, դուք ապագա չեք ունենա, իսկ կոնկրետ ես միշտ ապագա կունենամ: Եթե թեկուզ այս հարթակն էլ մեր ձեռքից վերցնեն, որի համար ես պատասխանատու եմ, բայց ոչ մեղավոր, միևնույն է կա ապագա: Հայրենիք-մայրենիք չեմ հասկանում կարևորը պետությունն է՝ թեկուզ այս հարթակի չափով, որը մեր բարի հարևանները, վստահ եմ սիրով մեզ կտրամադրեն՝ վարձակալությամբ: Հրապարակի ժողովրդի մի մասը նրան չհավատաց, նա էլ ինադ անելով իջավ հարթակից, բայց եկան դուխով ու հպարտ նոր զանգվածներ և նրան թաքուն նորից բարձրացրին հարթակ: Շաշացած ու շիլդացած ժողովուրդն էլ հրապարակում ու դրանից դուրս ցաք ու ցրիվ եղած՝ աշխարհից ապագա էր մուրում:
- Ապագա՜, հարթակի վրա:
Եվ ավերվում ու դատարկվում էր ծաղկուն երկիր Շիլդան: Մնացած մարդիկ այլևս չէին հիշում, որ իրենք ինչ-որ ժամանակ խելացի և իմաստուն են եղել, կորել էր անգամ նրանց հետին խելքը:
Եվ չարախնդում, ծաղրում ու ծիծաղում էին հարևանները:
ԱՍՏՎԱԾ էլ վերից նայում էր ու սպասում, թե երբ ԻՐ Իմաստությանը կկանչեն հարթակ, խոսափող կտան ու ականջալուր կլինեն:

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ.Գ.

Բոլոր զուգադիպությունները պատահական են:



Դիտվել է՝ 5405

Մեկնաբանություններ